jump to navigation

Սա իմ երկիրն է… April 13, 2007

Posted by Observer in Political, Ընտրություններ, Իշխանություններ, Խոսքի ազատություն, Հայաստան, Մարդու իրավունքներ, Քաղաքական.
1 comment so far

…ու ես իմ երկրում պիտի ապրեմ որտեղ ուզեմ…
պիտի շնչեմ որքան ուզեմ…
պիտի մտածեմ ինչ որ մտքովս անցնի…
պիտի ասեմ ինչ ուզեմ…
պիտի պարեմ որտեղ ուզեմ…

…ՈՐՈՎՀԵՏԵՎ ՍԱ ԻՄ ԵՐԿԻՐՆ Է…

http://www.a1plus.am/am/?page=issue&iid=47850

Դու ուզում ես (հին երգերից) March 28, 2007

Posted by Observer in Հին երգերից.
add a comment

Դու ուզում ես, որ արեւը շողա,
Որ ոչ ոք չտխրի ու կյանքից չուշանա,
Դու ուզում ես ունենալ շատ փող
Եվ, որ աղջիկն այս սիրի քեզ,
Ու անձրեւ գա…

Դու ուզում ես նկարել ծաղիկներ
Ու երգել այնպես, որ բոլորն հմայվեն
Դու ուզում ես մարդու պես ապրել
Դու ուզում ես՝ երջանիկ լինել…

Կրկներգ
Սակայն կյանքը քո դեմ է, ողջ աշխարհը քո դեմ է
Դե քեզ տեսնեմ՝ կրծիր պատերը…
Սակայն կյանքը քո դեմ է, ողջ աշխարհը քո դեմ է
Դե քեզ տեսնեմ՝ բախիր դռները…

Դու ուզում ես, շատ բաներ ես ուզում
Դու ուզում ես՝ կյանքի իրավունք,
դու ուզում ես՝ մտքի իրավունք
Սիրո ու գեղեցկության…

Կես կատակ, կես լո՞ւրջ March 6, 2007

Posted by Observer in Ընտրություններ, Հայաստան, Քաղաքական.
add a comment

Կես կատակ, կես լուրջ ցուցահանդես ©  ֆոտո Նվարդ Երկանյանի (Азура), Երևան, 2007

Կես կատակ, կես լուրջ ցուցահանդես © ֆոտո Նվարդ Երկանյանի (Азура), Երևան, 2007

Սիրում եմ ամեն տեսակ շարժումները, սիրում եմ երբ մարդիկ հավատում են գաղափարներին, իրենք իրենց ու ինչ որ բան փոխելու իրենց հնարավորություններին, սիրում եմ երիտասարդ մարդկանց անխոհեմությունը…

Սիրում եմ, սակայն շարժումներով երկիր չեն կառավարում…
Սիրում եմ, սակայն ամեն անգամ ապստամբությամբ երկիր փոխելը միայն ավելի է խարխլում Երկրի-պետության նկատմամբ հարգանքն ու հավատը մարդկանց մեջ… ավելի է խարխլում հավատը ընտրությունների նկատմամբ… հավատը՝ իրենց ընտրելու իրավունքի նկատմամբ…
Սիրում եմ, սակայն անխոհեմությամբ քաղաքականության մեջ հեռուն չեն գնում…

Ի՞նչ անել… ինչ ա ն ե ՞լ… ինչ անել…

«Ավանդական ընդդիմությունից» մոտս մենակ զզվանքի զգացողություն է մնացել, «Այլընտրանքը» ոչինչ չի առաջարկում, իսկ «Կես կատակ, կես լուրջ» ցուցահանդեսն ու նման ակցիաները այնքան աղոտ ու անորոշ են հնչում, որ դեռևս չեմ կարողացել կողմնորոշվել՝ ինչ ունեն նրանք առաջարկելու ինձ՝ շարքային քաղաքացուս։

…ու զզվում եմ քաղաքականությունից, բայց հմայվածի նման շարունակում եմ հետևել ու ապրել քաղաքականությամբ օրե օր ու ամեն օր, մտածելով որդուս մասին, կնոջս ու ծնողներիս մասին, ընտանիքիս, տանս, փողոցիս, Գյումրի քաղաքիս ու Երևանյան կիսաշեն այգետնակիս մասին…

Մնում է մեկ բան՝ թույլ չտալ…

Թույլ չտալ, որ կեղծվեն ու կեղծավորվեն հերթական ընտրությունները, թույլ չտալ որ նորից հողին հավասարվեն ճշմարտությունն ու արդարությունը, թույլ չտալ, որ ճամարտակեն դատարկ գաղափարներն ու դատարկագլուխ խարիզմատիկները։ Պարզվում է՝ շատ բան կարելի է անել, մնաց իմանամ՝ ինչպե՞ս…

Սեֆիլյանի ձերբակալությունը կապված է խորհրդարանական ընտրությունների հե՞տ։ Հայկական լրատվամիջոցները խուսափում են լուսաբանել… February 4, 2007

Posted by Observer in Խոսքի ազատություն, Հայկական մամուլ, Քաղաքական.
add a comment

Օնիկ Քրիքորյանը հաղորդում է փետրվարի 2-ին, Երևանի կամերային երաժշտության տան մոտից սկսված բողոքի երթի մանրամասները, երթ որը իրականացվում էր ի պաշտպանություն Ղարաբաղյան ազատամարտի նախկին հրամանատար, լիբանանահայ Ժիրայր Սեֆիլյանի, որը ձերբակալվել էր անցած դեկտեմբերին՝ պետական հեղաշրջում պլանավորելու մեղադրանքով, ինչի մասին Օնիկը ժամանակին գրել էր Եվրազիանետում։ Ձերբակալության շուրջ ծավալվող իրադարձությունները և մթնոլորտը Օնիկին մտորումների առիթ են տվել՝

Նախ ասեմ, որ ես չեմ ընդունում Սեֆիլյանի դիրքորոշումները Ղարաբաղի բանակցությունների հետ կապված, և առավել ևս դեմ եմ այսօր բողոքի երթին ներկա գտնվող նրա որոշ աջակիցների դիրքորոշումներին [խոսքը Արմեն Ավետիսյանի մասին է]։ Ինչևիցէ, դա չէ խնդիրը։ Ինձ առավել քան անհանգստացնում է այն փաստը, որ Սեֆիլյանի ձերբակալության հետ կապված բազմաթիվ չպատասխանված հարցեր են մնում, նամանավանդ որ առաջադրված մեղադրանքների գծով առայժմ որևէ փաստ հասարակությանը չի ներկայացվել։

Փոխարենը, բոլոր հիմքերը կան անհանգստանալու, որ Սեֆիլյանի և նրա աջակից Վարդան Մալխասյանի ձերբակալման իրական պատճառները քաղաքական են և շաղկապված են մոտալուտ խորհրդարանական ընտրությունների հետ։

Մեր ուրիշ բլոգ-պոստում էլ Օնիկը քննարկում է բողոք-երթի լուսաբանումը լրատվամիջոցների կողմից և վտանգավոր օրինաչափություններ է մատնանշում այս ասպարեզում՝ կարդացողին ենթադրել տալով ԶԼՄ ինքնաքննադատության և խոսքի ազատության սահմանափակումների դրսևորումներ՝ «կառավարության դեմ հեղաշրջում կատարելու փորձի» նմանօրինակ լուսաբանման հարցում։

Երևի բավարար լրատվական արժեք չուներ, չէ՞։ Հա էլի, ինչ եմ ասում՝ տղան ընդամենը մեղադրվում է կառավարության դեմ հեղաշրջում կատարելու փորձի մեջ։ Էնպես չի, որ ասենք՝ կարմիր լույսի տակից էր անցել։ Ինչևէ՝ շատ քիչ տեսախցիկներ կային և գերակշռում էին թերթային ժուռնալիստները։

Բլոգ-պոստերն ամբողջական կարդալու համար առաջարկում եմ այցելել Oneworld Multimedia։

Հայերը կարծում են, որ կաշառակերությունն ավելացել է… February 1, 2007

Posted by Observer in Ընտրություններ, Իշխանություններ, Կոռուպցիա.
add a comment

Հայերի գրեթե երկու երրորդը գտնում է, որ վերջին տարիներին երկրում ավելացել է կոռուպցիայի մակարդակը, չնայած կառավարության կոմից հակակոռուպցիոն քաղաքականության հռչակմանը, համաձայն Չորեքշաբթի օրը հրապարակված զեկույցի։ Այս մասին ավելի մանրամասն Օնիկ Քրիքորյանի հետևյալ հրապարակման մեջ։

Իր Հայաստան Բլոգում ՌԱՅՆԸ նույնպես անդրադառնում է հիշյալ զեկույցին, իր մեկնաբանություններում դրսևորելով որոշ աստիճանի կծու սարկազմ և կատակ զեկույցը պատրաստողների մասին։ Խոսելով այն մասին, որ «կաշառակերությունն աճել է» ՌԱՅՆԸ նկատում է.

Իհարկե դա /աճը/ չեր կարող լինելը սերը, խաղաղությունը, երջանկությունը կամ սնունդը՝ կարիքավորների համար։ Չէ, ի՞նչ եք ասում։ Դա անպայման պետք է լիներ կոռուպցիան։

Հարցվածների մեծ մասը (64.0%) գտնում են, որ վերջին երեք տարիների ընթացքում կոռուպցիայի մակարդակն աճել է։

Առկա իրավիճակի բարելավման լուծումներ առաջարկելու շարքում պատասխանողների 89.0% նշել է, որ առաջնային է ազատ և արդար ընտրությունների անցկացումը։ Կոռուպցիայի նվազեցման և պայքարի առաջնահերթությունների կարգում հարցվողներ կարևորել են օրենքի գերակայության ապահովումը (93.9%) և կոռուպցիոն գործունեություն իրականացնողների նկատմամբ պատժամիջոցների կիրառումը (91.9%)։

Գլխակերները January 23, 2007

Posted by Observer in Թուրքիա, Հայաստան, Հրապարակախոսական, Ռուսաստան, Քաղաքական.
add a comment

Գլխակերների թեման ցավոտ կերպով արդիական դարձավ վերջին օրերին։ Մինչ ամբողջ միջազգային հանրությունը ալեկոծվում է Հրանտ Դինքի սպանության լուրով և բարձրագոչ դատապարտումներ են հնչում ամեն կողմից, և մանավանդ երբ նույն իրենց՝ թուրքական գլխակերների կեղծավոր լացը մթագնել է անգամ գենոցիդ տեսած թուրքահայ արևը, արդեն որերորդ անգամ ՝ սուսիկ-փուսիկ հայի արուն են թափում մեր հարյուրամյա բարեկամները՝ «օրհնած ոտով ռսները…»։ PanARMENIAN.Net-ի փոխանցմամբ Մոսկվայում սպանել են 16-ամյա Արթուր Մարտիրոսյանին…

Զարմանալիորեն արնախումներին ու գլխակերներին անիծելիս հայ ժողովրդի փառապանծ զավակները մոռանում են հիշել սեփական ազգի դարավոր պատմությունը և այն վաղնջական ժամանակները, երբ հայոց թագավորները ապրում էին հիմնականում գլխակերությամբ, ուստի հարկ համարեցի այստեղ մեջբերել մի հատված հայոց Իքիբիռ թագավորի պատմությունից…

Պատմում են, որ դրախտային մի երկրում Իքիբիռ անունով մի թագավոր կար: Որոշ աղբյուրներ հիշատակում են Իքիբիր անունը, այլք ասում են` Իքիբիռ: Թարախ ռոժով, մետաղե կայուն հորիզոնական խողովակներ սիրող, գիր-գրականություն մոգոնողին շարունակ անիծող մի անիծյալ, որին օրնիբուն անիծում էին բոլորն այդ թագավորությունում, ամենուր, բայց դեմերեսին ժպտում էին միայն, քչերն էին դեմը ելնում, ովքեր էլ որ ելնում էին` ժպտում էին, մեկ-երկու հետաքռքիռ, ներողություն, հետաքրքիր դեպք էլ եղավ, երբ որոշեցին դեմը ելնել ու դեմերեսին ասել այն, ինչ մտածում էին իրենք եւ հանրությունը, ներողություն` ազգաբնակչությունը նրա մասին, բայց ստացվում էր այնպես, որ մինչեւ հասնում էին Իքիբիռ թագավորի դուռը, հանդիպում էին հետը, իրենք էլ ակամա դառնում էին հեզաճկուն, սկսում էին ժպտալ, ու չասել այն ամենը, ինչ ասելու համար տեղ էին հասել վերջապես: Հայտնի պատմություն է, այսպես հաճախ է լինում, ամենուր էլ պատահում է, ու այն դանիացու ջահելներից մի հոգի չուներ այդ երկիրը, ինչ էլ որ ունեցել էր, ծածուկ խոսում էին, թե Իքիբիռ թագավորը կերել էր: Այդպես էր, ինքը սիրում էր մարդ ուտել, ոմանք գլխակեր էին ասում` բառի բուն իմաստով, մի քանիսը` նրա նախկին կյանքից տեղյակ` գյուրզա, իժ, շատերն` առաջնորդ, կամ` երկրի ղեկավար, կամ` զինվոր, այդպես նաեւ ինքն էր իրեն կոչում, ու առանց կեղծավորության ասում էր. - ժողովրդավառական երկիր ենք սարքում: -Բոլորին թվում էր թե, խոսքը ժողովրդավարական երկրի մասին է, թեպետ ոչ մեկից, ոչ էլ մյուսից շատ բան չէին հասկանում: Բայց Իքիբիռը իսկապես հավատում էր ինքն իրեն ու իր հայտարարած Ժողովրդավառությանը, ժողովուրդը` ժողովրդավարությանը: Բացառիկ թերահավատներ կային իհարկե:

Նյութին ամբողջությամբ ծանոթանալու համար առաջարկում եմ այցելել Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի կայքը, որտեղ և տեղադրված է բնօրինակը։

Ստամբուլում սպանվեց թուրքահայ լրագրող Հրանտ Դինկը January 21, 2007

Posted by Observer in Թուրքիա, Խոսքի ազատություն, Մարդու իրավունքներ, Քաղաքական.
1 comment so far

Ժուռնալիստների «Ասպարեզ» Ակումբ 19 | 01 | 2007 | 19::00 | Լուր
Հունվարի 19-ին երեկոյան 17-ին մոտ Ստամբուլի հայկական «Ակոս» թերթի խմբագրությունից ելնելիս երեք դիմահար կրակոցներով սպանվեց պոլսահայ մտավորական լրագրող, հայտնի հասարակական գործիչ, «Ակոս» թերի գլխավոր խմբագիր Հրանտ Դինկը:Hrant Dink Նախնական տեղեկությունների համաձայն, կրակողը եղել է 18-19-ամյա մի երիտասարդ, որին հաջողվել է ծլկել անցորդների մեջ: Դեպքի վայրում հայտնաբերվել է հրազենի 4 պարկուճ: Դինիկի սպանությունը նույն երեկոյան դատապարտել են Թուրքիայի վարչապետ Ռ.Թ.Էրդողանը, Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Միկլոշ Հարաշտին, ՀՀ ԱԳ նախարարությունը եւ ուրիշներ:

«53-ամյա քաղաքացի Դինքը մի քանի անգամ կանգնել է դատարանի առջեւ, Թուրքիայում 20-րդ դարասկզբին հայերի զանգվածային սպանությունների մասին իր ելույթների համար: Նրան բազմիցս սպառնացել են ազգայնականները, նրան համարելով դավաճան: Դինքը Թուրքիայի հայտնի հասարակական գործիչներից էրª երկլեզու ՙԱկոս՚ թերթի խմբագիրը լինելով: Իր հարցազրույցներից մեկում Դինքը արցունքախառն աչքերով պատմում էր այն մասին, թե ինչպես են իրեն ատում հայրենակիցները եւ, որ իր համար դժվար է մնալ մի երկրում, որտեղ իրեն այսպիսի անհանդուրժողականությամբ են վերաբերվում:» գրում է Ա1+ կայքը:

Հայ Առաքելական եկեղեցու Պոլսո պատրիարքարանը Դինքի մահվան կապակցությամբ երկշաբաթյա սուգ է հայտարարել:

Խորհրդարանական ընտրություններ 2007՝ ինտերնետում January 18, 2007

Posted by Observer in Հայկական ինտերնետ, Հայկական մամուլ, Քաղաքական.
add a comment

Հայտնաբերեցի բավականին օգտակար ինտերնետային ռեսուրս՝ Խորհրդարանական ընտրություններ 2007.

“Խորհրդարանական ընտրություններ 2007″-ը շահագրգիռ քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության այլ ինստիտուտների և անհատ քաղաքացիների մասնակցությամբ ձևավորված ընտրական գործընթացների հանրային վերահսկողության նախաձեռնություն է: … Նախաձեռնության նպատակն է առաջիկա խորհրդարանական ընտրություններում իրականացնել ընտրական գործընթացների հանրային վերահսկողություն` նպաստելու ՀՀ ընտրական օրենսդրությանը և Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան ընտրությունների անցկացմանը: Նախաձեռնությունը գործելու է մինչև համապետական ընտրությունների ավարտը:.

Ինտերնետային նախաձեռնությունը “Հանուն օրինական ընտրությունների” քաղաքացիական նախաձեռնության շրջանակներում կյանքի են կոչել “Օրինաց երկիր” կուսակցությունը, “Եվրոպական ժողովրդավարական շարժում” և “Ժողովրդավարության և Եվրոպական ինտեգրացիայի ինստիտուտ” հասարակական կազմակերպությունները, “Իրավունք” թերթը ։ Քանի որ նախաձեռնության հետևում կանգնած են խիստ ընդդիմադիր կառույցներ և կազմակերպություններ չեմ կարծում, որ ինտերնետային ռեսուրսը կարող է հավասարակշիռ և բարձր մասնագիտական պահանջների բավարարող տեղեկատվության աղբյուր ծառայել։ Ռեսուրսն ավելի շուտ նպատակահարմար է դիտարկել որպես այլընտրանքային տեսակետների աղբյուր, որը ArmeniaNow.com-ի Որոշում 2007 և Օնիկ Քրիքորյանի - 2007 Parliamentary Election Monitor նախաձեռնությունների հետ միասին կարող է հակակշիռ հանդիսանալ նախընտրական շրջան մտնելուն պես ավելի ու ավելի բևեռայնացված հայկական լրատվամիջոցներին՝ մասնավորապես հեռուստատեսությանը։

…ճշմարտությունն ավելի թանկ է։ January 15, 2007

Posted by Observer in Քաղաքական.
1 comment so far

…ճշմարտություննը ավելի թանկ է, քան ընկերությունը, խնամի-բարեկամությունը, քավոր-սանիկությունը, լավամարդ-վատամարդությունը։ Հայաստանում համառորեն չեն ուզում հասկանալ այս պարզ ճշմարտությունը, և դա արդեն բերել է երկրի համար կործանարար հետեւանքների։

…ճշմարտությունն ավելի թանկ է, քան նեղացկոտ մեկ-երկու պաշտոնյաների քմահաճույքը, զրպարտանքի, հեռուստատեսության ու ռադիոյի ոլորտը կարգավորող բազմազարմանազան օրենքները, գովազդի ու տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքներում արվող անհեթեթ փոփոխությունների առաջարկությունները…

…ճշմարտությունն ավելի թանկ է, որովհետև այն է երկրի կառավարման այն միակ խախուտ լծակը, որը շարքային քաղաքացին կարող է հակադրել հղփացած ու քաղաքական մեքենայությունների մեջ հմտացած ավտորիտար ապարատին։

Գեղեցկությունը չի՛ փրկի աշխարհը… ոչ էլ տնտեսական աճը, ռազմավարական գործընկերներն ու կոմպլիմենտար անհետևողականությունը։

Ես ձեզ ասում եմ՝ ճշմարտությունը կփրկի աշխարհը, տիկնայք և պարոնայք։