jump to navigation

Գլխակերները January 23, 2007

Posted by Observer in Թուրքիա, Հայաստան, Հրապարակախոսական, Ռուսաստան, Քաղաքական.
add a comment

Գլխակերների թեման ցավոտ կերպով արդիական դարձավ վերջին օրերին։ Մինչ ամբողջ միջազգային հանրությունը ալեկոծվում է Հրանտ Դինքի սպանության լուրով և բարձրագոչ դատապարտումներ են հնչում ամեն կողմից, և մանավանդ երբ նույն իրենց՝ թուրքական գլխակերների կեղծավոր լացը մթագնել է անգամ գենոցիդ տեսած թուրքահայ արևը, արդեն որերորդ անգամ ՝ սուսիկ-փուսիկ հայի արուն են թափում մեր հարյուրամյա բարեկամները՝ «օրհնած ոտով ռսները…»։ PanARMENIAN.Net-ի փոխանցմամբ Մոսկվայում սպանել են 16-ամյա Արթուր Մարտիրոսյանին…

Զարմանալիորեն արնախումներին ու գլխակերներին անիծելիս հայ ժողովրդի փառապանծ զավակները մոռանում են հիշել սեփական ազգի դարավոր պատմությունը և այն վաղնջական ժամանակները, երբ հայոց թագավորները ապրում էին հիմնականում գլխակերությամբ, ուստի հարկ համարեցի այստեղ մեջբերել մի հատված հայոց Իքիբիռ թագավորի պատմությունից…

Պատմում են, որ դրախտային մի երկրում Իքիբիռ անունով մի թագավոր կար: Որոշ աղբյուրներ հիշատակում են Իքիբիր անունը, այլք ասում են` Իքիբիռ: Թարախ ռոժով, մետաղե կայուն հորիզոնական խողովակներ սիրող, գիր-գրականություն մոգոնողին շարունակ անիծող մի անիծյալ, որին օրնիբուն անիծում էին բոլորն այդ թագավորությունում, ամենուր, բայց դեմերեսին ժպտում էին միայն, քչերն էին դեմը ելնում, ովքեր էլ որ ելնում էին` ժպտում էին, մեկ-երկու հետաքռքիռ, ներողություն, հետաքրքիր դեպք էլ եղավ, երբ որոշեցին դեմը ելնել ու դեմերեսին ասել այն, ինչ մտածում էին իրենք եւ հանրությունը, ներողություն` ազգաբնակչությունը նրա մասին, բայց ստացվում էր այնպես, որ մինչեւ հասնում էին Իքիբիռ թագավորի դուռը, հանդիպում էին հետը, իրենք էլ ակամա դառնում էին հեզաճկուն, սկսում էին ժպտալ, ու չասել այն ամենը, ինչ ասելու համար տեղ էին հասել վերջապես: Հայտնի պատմություն է, այսպես հաճախ է լինում, ամենուր էլ պատահում է, ու այն դանիացու ջահելներից մի հոգի չուներ այդ երկիրը, ինչ էլ որ ունեցել էր, ծածուկ խոսում էին, թե Իքիբիռ թագավորը կերել էր: Այդպես էր, ինքը սիրում էր մարդ ուտել, ոմանք գլխակեր էին ասում` բառի բուն իմաստով, մի քանիսը` նրա նախկին կյանքից տեղյակ` գյուրզա, իժ, շատերն` առաջնորդ, կամ` երկրի ղեկավար, կամ` զինվոր, այդպես նաեւ ինքն էր իրեն կոչում, ու առանց կեղծավորության ասում էր. - ժողովրդավառական երկիր ենք սարքում: -Բոլորին թվում էր թե, խոսքը ժողովրդավարական երկրի մասին է, թեպետ ոչ մեկից, ոչ էլ մյուսից շատ բան չէին հասկանում: Բայց Իքիբիռը իսկապես հավատում էր ինքն իրեն ու իր հայտարարած Ժողովրդավառությանը, ժողովուրդը` ժողովրդավարությանը: Բացառիկ թերահավատներ կային իհարկե:

Նյութին ամբողջությամբ ծանոթանալու համար առաջարկում եմ այցելել Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի կայքը, որտեղ և տեղադրված է բնօրինակը։