Ինձանից ու քեզանից բացի, Հայաստանում ապրող բոլոր հայերը կյանքում գոնե մեկ անգամ կաշառք տվել են… ինձանից ու քեզանից բացի՝ բոլորը, նորածիններից սկսած… այս վերջինը մի քիչ չափազանցնում եմ, բայց ամեն ինչ մոտավորապես այսպես է լինում։
Բժիշկ. «Շնորհավորում եմ՝ առողջ երեխա ծնվեց»։
Պապան. «Բժիշկ՝ տղա է, թե՞ աղջիկ»։
Բժիշկ (Իսահակյանի պատկերով մագարիչը խոթելով խալաթի գրպանը). «Տղա չէ…»
Պապան. «Բժիշկ՝ բա ի՞նչ է…»
Ծանոթ տեսարան է չէ՞… Հա, բայց թե՝ ես ու դու դրա հետ կապ չունենք։ Մենք՝ ես ու դու, կաշառք չենք տվել՝ որովհետեւ մենք պարզապես մարդկանց արած «լավության տակից էինք դուրս գալիս», «մեր մարդկությունն էինք ցույց տալիս»… ախր, «ախպե՛ր, այ հընգեր ջան, հոմ մենք էլ մարդ ենք, մենք էլ ենք մի բան հասկանում… դու մենակ մեր գործն առաջ տար… եւ այլն»։
…մեզանից յուրաքանչյուրը, եթե ունի նման հնարավորություն, սեփական գործը «առաջ տանելու» համար հաճույքով կաշառք կվճարի։
Կաշառք տալու եւ վերցնելու ընդունակությունը մեզանում համարվում է մարդու կենսագործունեության համար անհրաժեշտ նախապայման, գիտելիք, եթե կուզեք՝ նույնիսկ տաղանդ։
Դե, իհարկե, ես ու դու այդ ընդունակությունը չունենք, չէ՞։ Մենք երբեք կաշառք չենք տվել։ Հա, համ էլ՝ կաշառք տալը քրեական հանցագործություն է։ Հո էսքան մարդու մոտ չենք խոստովանելու… մեկ էլ տեսար կառավարության հակակոռուպցիոն ռազմավարությունը որոշեց, որ պետք է կառաշառուներին ու կաշառատուներին (ինձանից ու քեզանից բացի, մյուս բոլոր հայերին), ինտերնետում որսան, բլոգում արված ինքնախոստովանությունների միջոցով։ Ինչ գործ ունենք… հետո արի էդ գործով զբաղվող քննիչի «լավության տակից դուրս արի»։
0 responses so far ↓
There are no comments yet...Kick things off by filling out the form below.