Հայ հնէաբանները Պառավաքար գյուղում պեղել են 5 հազար տարվա վաղեմություն ունեցող նախնադարյան մարդու կմախք: Այդ գյուտն ապացուցում է, որ մեր Երկրագնդի վրա կյանքի բնօրրանը հենց Հայաստանն է: Սակայն Անասնաբուժական-անասնաբուծական ակադեմիայի ռեկտոր Շոթա Վարդանյանը կարծիք է հայտնել, որ դա ոչ թե մարդու, այլ երիտասարդ խոճկորի կմախք է, այն էլ` նախապես սղոցված: Կմախքի վրա հայտնաբերվել է սեպագիր արձանագրություն, որի հեղինակը, ըստ որոշ գիտնականների, Պարույր Հայրիկյանն է:
“Մարտի 1″-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովը մտադիր է եւս երկու տարով երկարաձգել իր աշխատանքներիը: Նման որոշման անհրաժեշտությունը պատճառաբանվում է նրանով, որ հանձնաժողովին առայժմ չի հաջողվել պարզել, թե ինչպես են այդ իրադարձությունների ժամանակ սպանվել եւ վնասվածքներ ստացել ՀՀ քաղաքացիները: “Իրավապահ մարմինները մինչեւ հիմա մեզ չեն ներկայացրել համապատասխան փաստաթղթեր”,-իր դժգոհությունը հայտնեց հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը:
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, ելույթ ունենալով Սիդնեյի “Պահանջատեր” կոմիտեությունում, վերահաստատեց իր կուսակցության վճռականությունը “Հայ դատի” խնդիրներում: “Եթե իշխանությունը որոշի Ադրբեջանին հանձնել Վարդենիսի եւ Իջեւանի շրջանները, մենք անպայման մեր տղամարդու խոսքը կասենք եւ անհապաղ դուրս կգանք իշխանական կոալիցիայից”,- նշեց պարոն Մարգարյանը:
Գյումրիի քաղաքապետ Սպարտակ Ղուկասյանը որոշում է կայացրել քաղաքի կենտրոնական հրապարակում կառուցել գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի 5 մետրանոց արձանը: Դա կլինի արդեն երրորդ արձանը Հայաստանում. առաջին երկուսը վեր են խոյացել Երեւանում` “Առագաստ” սրճարանի մոտ, ինչպես նաեւ Չքնաղ գյուղում, սակայն իրենց չափերով այդ կոթողները զիջելու են Գյումրիում կառուցվելիք արձանին: Մեկնաբանելով իր որոշումը` պարոն Ղուկասյանը նշեց, որ նախագահի արձանը կանգնեցվելու է ի նշանավորումն վերջինիս` կրիմինալի դեմ պայքարի բարեհաջող ավարտի:
Երիտասարդական “Հետո, հետո, հետո” ընդդիմադիր շարժումը իր հերթական հայտարարությամբ եւս մեկ անգամ հավաստել է, որ իշխանափոխությանը հաշված օրեր են մնացել, եւ երեք ամիս անց կայանալիք բազմահազարանոց հանրահավաքը կլինի “հուշկու, վճռորոշ եւ բեկումային”:
Ի պատասխան այդ հայտարարության, “Ազգային միաբանություն” կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը հանդես է եկել ծավալուն վերլուծական հոդվածով, որում, մեջբերելով Հերակլիտի, Ֆրենսիս Բեկոնի եւ Կլեմանսոյի աֆորիզմները, ապացուցում է ընդդիմության սնանկությունը եւ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվերապահ հանճարը:
ԱՌԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ – Առավոտ օրաթերթ, 196/3312/25 հոկտեմբերի 2008