Կես կատակ, կես լո՞ւրջ March 6, 2007
Posted by Observer in Ընտրություններ, Հայաստան, Քաղաքական.add a comment

Կես կատակ, կես լուրջ ցուցահանդես © ֆոտո Նվարդ Երկանյանի (Азура), Երևան, 2007
Սիրում եմ ամեն տեսակ շարժումները, սիրում եմ երբ մարդիկ հավատում են գաղափարներին, իրենք իրենց ու ինչ որ բան փոխելու իրենց հնարավորություններին, սիրում եմ երիտասարդ մարդկանց անխոհեմությունը…
Սիրում եմ, սակայն շարժումներով երկիր չեն կառավարում…
Սիրում եմ, սակայն ամեն անգամ ապստամբությամբ երկիր փոխելը միայն ավելի է խարխլում Երկրի-պետության նկատմամբ հարգանքն ու հավատը մարդկանց մեջ… ավելի է խարխլում հավատը ընտրությունների նկատմամբ… հավատը՝ իրենց ընտրելու իրավունքի նկատմամբ…
Սիրում եմ, սակայն անխոհեմությամբ քաղաքականության մեջ հեռուն չեն գնում…
Ի՞նչ անել… ինչ ա ն ե ՞լ… ինչ անել…
«Ավանդական ընդդիմությունից» մոտս մենակ զզվանքի զգացողություն է մնացել, «Այլընտրանքը» ոչինչ չի առաջարկում, իսկ «Կես կատակ, կես լուրջ» ցուցահանդեսն ու նման ակցիաները այնքան աղոտ ու անորոշ են հնչում, որ դեռևս չեմ կարողացել կողմնորոշվել՝ ինչ ունեն նրանք առաջարկելու ինձ՝ շարքային քաղաքացուս։
…ու զզվում եմ քաղաքականությունից, բայց հմայվածի նման շարունակում եմ հետևել ու ապրել քաղաքականությամբ օրե օր ու ամեն օր, մտածելով որդուս մասին, կնոջս ու ծնողներիս մասին, ընտանիքիս, տանս, փողոցիս, Գյումրի քաղաքիս ու Երևանյան կիսաշեն այգետնակիս մասին…
Մնում է մեկ բան՝ թույլ չտալ…
Թույլ չտալ, որ կեղծվեն ու կեղծավորվեն հերթական ընտրությունները, թույլ չտալ որ նորից հողին հավասարվեն ճշմարտությունն ու արդարությունը, թույլ չտալ, որ ճամարտակեն դատարկ գաղափարներն ու դատարկագլուխ խարիզմատիկները։ Պարզվում է՝ շատ բան կարելի է անել, մնաց իմանամ՝ ինչպե՞ս…