jump to navigation

Ստամբուլում սպանվեց թուրքահայ լրագրող Հրանտ Դինկը January 21, 2007

Posted by Observer in Թուրքիա, Խոսքի ազատություն, Մարդու իրավունքներ, Քաղաքական.
trackback

Ժուռնալիստների «Ասպարեզ» Ակումբ 19 | 01 | 2007 | 19::00 | Լուր
Հունվարի 19-ին երեկոյան 17-ին մոտ Ստամբուլի հայկական «Ակոս» թերթի խմբագրությունից ելնելիս երեք դիմահար կրակոցներով սպանվեց պոլսահայ մտավորական լրագրող, հայտնի հասարակական գործիչ, «Ակոս» թերի գլխավոր խմբագիր Հրանտ Դինկը:Hrant Dink Նախնական տեղեկությունների համաձայն, կրակողը եղել է 18-19-ամյա մի երիտասարդ, որին հաջողվել է ծլկել անցորդների մեջ: Դեպքի վայրում հայտնաբերվել է հրազենի 4 պարկուճ: Դինիկի սպանությունը նույն երեկոյան դատապարտել են Թուրքիայի վարչապետ Ռ.Թ.Էրդողանը, Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Միկլոշ Հարաշտին, ՀՀ ԱԳ նախարարությունը եւ ուրիշներ:

«53-ամյա քաղաքացի Դինքը մի քանի անգամ կանգնել է դատարանի առջեւ, Թուրքիայում 20-րդ դարասկզբին հայերի զանգվածային սպանությունների մասին իր ելույթների համար: Նրան բազմիցս սպառնացել են ազգայնականները, նրան համարելով դավաճան: Դինքը Թուրքիայի հայտնի հասարակական գործիչներից էրª երկլեզու ՙԱկոս՚ թերթի խմբագիրը լինելով: Իր հարցազրույցներից մեկում Դինքը արցունքախառն աչքերով պատմում էր այն մասին, թե ինչպես են իրեն ատում հայրենակիցները եւ, որ իր համար դժվար է մնալ մի երկրում, որտեղ իրեն այսպիսի անհանդուրժողականությամբ են վերաբերվում:» գրում է Ա1+ կայքը:

Հայ Առաքելական եկեղեցու Պոլսո պատրիարքարանը Դինքի մահվան կապակցությամբ երկշաբաթյա սուգ է հայտարարել:

Comments»

1. Observer - January 21, 2007

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
«ԱԿՈՍ» ԹԵՐԹԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳԻՐ ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

20 | 01 | 2007 | 14::00 | Հայտարարություն

Մենք` Երեւանի մամուլի ակումբի անդամներիս, խորապես ցնցված ենք հայտնի լրագրող, «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտի Դինքի սպանությամբ: Այս քստմնելի գործողությունն ուղղված է խոսքի ազատության, ժողովրդավարության, հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման դեմ: Այն եւս մեկ անգամ վկայում է. դեռ շատ մութ, հետադիմական, կոպիտ ուժեր կան, որոնք չեն ցանկանում, որ մեր տարածաշրջանն ընթանա առաջադիմության ուղիով:

Հրանտի ժուռնալիստական եւ հասարակական գործունեությունն ուղղված էր պաշտպանելու մտքերն ազատորեն արտահայտելու անձի իրավունքն ու հաղթահարելու ավանդական կարծրատիպերը, որոնք մարդկանց խանգարում են շփվել, հասկանալ եւ սիրել իրար: Նրա համար անընդունելի էր ինչպես 1915 թվականին հայ բնակչության նկատմամբ թուրքական կառավարության իրականացրած ոճրա•ործությունը լռության մատնելը, այնպես էլ` հայերի ցեղասպանությունը ժխտելու համար քրեական հետապնդումը, որ նախատեսվում է ֆրանսիական խորհրդարանի հավանությանն արժանացած օրինագծում: Լինելով քչերից մեկը Թուրքիայում, ով համարձակվում էր խոսել եղեռնի մասին, Հրանտ Դինքն այլ հայացքներ ունենալու համար որեւէ անձի դատապարտումը դիտում էր իբրեւ մարդու իրավունքների խախտում: Նա մեկն էր այն մարդկանցից, ում համարում էին սիմվոլ` Թուրքիայի նորացման. մի գործընթաց, որ հակասական է եւ բախվում է հզոր դիմադրության ու բազմաթիվ ներքին եւ արտաքին խոչընդոտների:

Հրանտի նման մարդիկ, ովքեր ձգտում են հաղթահարել իրենց եւ մերձավորների վախը, բարդույթները, նրանք, ովքեր բաց են ամեն մի նորի եւ լուսավորի համար, ամենից անպաշտպանն են: Նրա սպանությունը, իսկ ավելի վաղ` թուրքական իշխանությունների կողմից քաղաքական եւ դատական հետապնդումները հաստատում են այս տխուր իրողությունը: Հետեւելով մեր գործընկերոջ զոհվելու կապակցությամբ աշխարհում եւ հենց Թուրքիայում աննախադեպ արձագանքին, ակամա խորհում ես հետեւյալ պարադոքսի մասին. հասարակությունն առավել սուր եւ մեղքի յուրահատուկ զգացողությամբ է ընդունում իր հենց այն ներկայացուցիչների կորուստը, ովքեր, ծառայելով ճշմարտությանն ու արդարությանը, ընդսմին ավելի խոցելի էին եւ կենդանության օրոք չէին արժանանում համարժեք համակրանքի ու աջակցության: Թող սա եւս մեկ դաս լինի այն բոլոր երկրների համար, որտեղ սպանում, բռնությունների եւ հետապնդումների են ենթարկում լրագրողներին:

Խորը վիշտ ապրելով հանդերձ, մենք չենք կարող ափսոսանք չարտահայտել մի շարք հայտարարությունների առթիվ, որոնց հեղինակաները փորձում են շահարկել Ստամբուլում տեղի ունեցած ողբերգությունը` տարածելով Հրանտ Դինքին խորթ գաղափարներ, դրանով իսկ` անհարգալից վերաբերմունք դրսեւորելով նրա հիշատակի հանդեպ: Լրագրողի եւ հասարակական գործչի սպանությունը, անկասկած, հետեւանք էր թուրքական հասարակությունում առկա քաղաքական կոլիզիաների, եւ մենք կոչ ենք անում դիմակայել ոճրագործությունը անըմբռնողության եւ ատելության անդունդը խորացնելու համար օգտագործելուն:

Մենք ցանկանում ենք հավատալ, որ այն արժեքները, որոնք դավանում էր Հրանտ Դինքը, նպատակները, որոնց նա ձգտում էր, ավել ու ավելի շատ կողմնակիցներ կգտնեն Թուրքիայում, Հայաստանում, ողջ մեր տարածաշրջանում: Երեւանի մամուլի ակումբը եղել եւ մնում է դրանցից մեկը:

20. 01. 2007 թ.

Երեւանի մամուլի ակումբ